ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի առաջարկությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականով' ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում դեղերի մեծածախ ներմուծում և իրացում իրականացնող կազմակերպությունում հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ դեղերի ներմուծման, այնպես էլ իրացման դեպքեր, ինչի արդյունքում ընկերության նկատմամբ կայացվել է ավելի քան 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու մասին որոշում: Այս մասին տեղեկացնում են ՊՎԾ-ից:
«Հատկանշական է, որ 2023 թ. փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում վարչական որևէ պատասխանատվություն չէր կիրառվել, քանի որ ստուգումներով արձանագրվել էին միայն այնպիսի խախտումներ, որոնց համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվություն սահմանված չէ։
Մինչդեռ հավաքագրված և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասանելի տեղեկատվական շտեմարաններում և համակարգերում առկա տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ դեղերի մեծածախ իրացում իրականացնող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել կոնկրետ խմբաքանակներով դեղորայք՝ առանց դեղերի ու դեղանյութերի ներմուծման հավաստագրերի ստացման:
Չնայած այն հանգամանքին, որ նշյալ արարքում առերևույթ առկա են վարչական իրավախախտում թույլ տալու հատկանիշներ, ծառայության գնահատմամբ, տեսչական մարմնի կողմից այդ փուլում, ըստ էության, չեն ձեռնարկվել բավարար միջոցներ առկա իրավախախտումները բացահայտելու և արձանագրելու ուղղությամբ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության կողմից ներմուծված դեղերի ամբողջական խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությանը փաստացի տիրապետում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ վարչապետին՝ հանձնարարել Կոմիտեին տեսչական մարմնին տրամադրել ընկերության կողմից իրականացված ներմուծումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որի հիման վրա վերջինս կիրականացնի պատշաճ վերահսկողություն և կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսչական մարմնի կողմից վերստուգում իրականացնելու դեպքերը սահմանված են «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, ծառայության ղեկավարի կողմից ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ հիմք ընդունելով նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության «գ» կետը, հանձնարարել
Տեսչական մարմնին ընկերությունում իրականացնել վերստուգում՝ ՊՎԾ-ի կողմից վերհանված ռիսկերի համադրմամբ: Արդյունքում` տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգմամբ հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ 127 անվանում (ավելի քան 190.000 փաթեթ) դեղերի ներմուծման, այնպես էլ 123 անվանում (ավելի քան 160.000 փաթեթ) դեղերի իրացման դեպքեր, ինչի հիմքով ընկերության նկատմամբ կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու որոշում՝ շուրջ 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժի տեսքով:
Նմանատիպ դեպքերը կանխելու, անորակ և հասարակության համար վտանգավոր դեղերի շրջանառությունը ՀՀ տարածքում բացառելու նպատակով ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել լիազոր մարմիններին՝ ոլորտի գործունեությունը համակարգող գերատեսչությունների միջև տեղեկատվության պատշաճ փոխանակման նպատակով հավելյալ գործիքակազմեր մշակելու և ներդնելու վերաբերյալ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: