Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պետության ղեկավարի պաշտոնում առաջին իսկ օրը ստորագրել է 28 օրինագիծ: Դրանց մի մասը ուժի մեջ է մտել արդեն դեկտեմբերի 30-ից:
Օրինագծերի թվում են հանրահավաքների ժամանակ հրատեխնիկայի, լազերների և դեմքը թաքցնող հագուստի, այդ թվում՝ դիմակների օգտագործման արգելքը, բողոքի ակցիաների ժամանակ գրաֆիտիի և քաղաքի արտաքին տեսքը վնասելու, ինչպես նաև ճանապարհները փակելու համար վարչական տուգանքների ավելացումը:
Հանրային ակցիաների ժամանակ ձերբակալման նոր հիմքեր են ավելացվել: Արգելվում է ՆԳՆ համակարգում սահմանված համազգեստի կամ դրան նման ատրիբուտների, այդ թվում՝ կամուֆլյաժների ապօրինի կրումը:
Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն արգելվել է լիազորությունների ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում օգտվել պետական անվտանգության իրավունքից:
Նոր օրենսդրության համաձայն՝ Վրաստանի ՆԳ նախարարը կարող է ոստիկանությունում աշխատանքի ընդունել անձանց՝ առանց հատուկ մրցույթի անցկացման: Պարզեցվել են պետական հաստատություններում աշխատանքից ազատման և աշխատանքի ընդունման գործընթացները: