ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Ոստիկանության պետ - ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։
Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։
Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ուժեղացնել ծառայությունը՝ դեպքերի, պատահարների կանխարգելման և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։ Արփինե Սարգսյանը ոստիկաններին կոչ է արել խիստ լինել օրինախախտների նկատմամբ, ուժեղացնել հսկողությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, մարդաշատ վայրերում և առևտրի կենտրոններում իրականացնել հերթապահություն, ինչը կնպաստի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման արդյունավետությանը։
Նա հանձնարարել է ուժեղացված հսկողության շրջանակում նաև ակտիվացնել աշխատանքը հանցագործությունները կանխելու ուղղությամբ, իսկ արդեն գրանցված դեպքերին արձագանքել օպերատիվորեն՝ օգտագործելով ողջ ներուժը։ Փրկարար ծառայողներին նախարարը հորդորել է, եղանակային փոփոխություններով պայմանավորված, ուժեղացնել հսկողությունը հանրապետության ավտոճանապարհներին՝ իրականացնել հերթապահություն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ, օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների ահազանգերին։
Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։