Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստատեսությանը։ Ալիևն անդրադարձել է «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանմանը: Նա հայտարարել է, որ Բաքուն Մոսկվայից պահանջել է ընդունել մեղքը, ներողություն խնդրել, պատժել, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 27-ին այդ պահանջները պաշտոնապես փոխանցվել են ռուսական կողմին։ Ալիևը նշել է, որ առաջին պահանջը կատարվել է, Ռուսաստանը ներողություն է խնդրել Ադրբեջանից:
«Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել «ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի» պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է։ Միաժամանակ, արձակված հրթիռի պատճառով լրջորեն տուժել է նաև օդանավի պոչի հատվածը»,- մանրամասնել է Ալիևը՝ նշելով, որ թռչունների երամի հետ բախման վարկածն ընդհանրապես չի դիտարկվում։
Ալիևը նշել է, որ Բաքվին վրդովեցրել և զարմացրել է, որ Ռուսաստանի պաշտոնական կառույցները գազի բալոնի պայթյունի վարկածներ են առաջ քաշել: «Սա ցույց էր տալիս, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել իրականությունը, և դա որևէ մեկին պատիվ չի բերում։ Իհարկե, մեր ինքնաթիռը պատահաբար է խոցվել, որևէ միտումնավոր ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Նա ընդգծել է, որ Մոսկվան պարզապես պետք է օպերատիվորեն ներողություն խնդրեր բարեկամ Ադրբեջանից և դա հանրայնացներ: «Ցավոք, առաջին երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չլսեցինք»,- նշել է Իլհամ Ալիևը՝ ավելցնելով, որ մերժել են ռուսական կողմի՝ Միջպետական ավիացիոն կոմիտեին դիմելու առաջարկը, քանի որ, Ալիևի խոսքով, կառույցը հիմնականում բաղկացած է ռուս պաշտոնյաներից։ «Եթե աղետից անմիջապես հետո մենք տեսնեինք արդարացի և համարժեք քայլեր Ռուսաստանի կողմից, ապա միգուցե դեմ չլինեինք»,- հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով որ պետք է սպասել սև արկղերի ուսումնասիրության արդյունքներին: Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի 10 քաղաքներ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Մերի Ներսիսյան