Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ մոտ 341 հազար մարդ անհուսալի վարկառուների թվում է, նրանց վարկային պարտավորությունը շուրջ 642 մլրդ դրամի է հասնում:
Շահառուների խմբի 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝ նրանք աշխատունակության ամենաակտիվ շրջանում գտնվող քաղաքացիներ են:
Այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: Այս մարդկանց տնտեսական ակտիվության խթանման նպատակով է նաև Կառավարությունը նրանց ֆինանսական պարտավորությունները մարելու հնարավորություն ստեղծել:
Նախատեսվում է առնվազն 3 տարի «անհուսալի» դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, բայց քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը:
Գործընթացում կարևոր է նաև իրազեկման փուլը:
Նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ այն ծրագրի ամենակարևոր հատվածներից է, այս ուղղությամբ նաև համապատասխան տեսահոլովակներ են պատրաստվում, որոնք ակտիվորեն կտարածվեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան