ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին: Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին մրցանակաբաշխության առիթով:
Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա ընդգծել է՝ որպես կրթության ոլորտի պետական գերատեսչության պատասխանատու՝ առանձնահատուկ է հետևում «Նոր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության յուրաքանչյուր մասնակցի գործունեությանը:
«Անկախ բնագավառից՝ «Մեր ժամանակների հերոսը» նախագիծը նախևառաջ սովորելու մասին է: Այն մասին է, որ բոլոր իրավիճակներում սովորելը դառնում է նպատակների իրականացման և խնդիրների լուծման բանալին գտնելու լավագույն ձևը:
Այս տարին մենք հայտարարել էինք մշակութային կրթության տարի, որովհետև ստեղծագործ ու նախաձեռնող մտքի զարգացումը համարում ենք ամենակարևոր խնդիրը, իսկ արվեստն ու մշակույթը ստեղծարարության զարգացման լավագույն միջավայրն են: Ացելությունը թատրոն, թանգարան և ցուցահանդես ոչ միայն ժամանց է, այլև նոր բացահայտումների ու սովորելու հրաշալի ձև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ այս տարի պետության աջակցությամբ իրականացվող դպրոցական բաժանորդային ծրագրով թատրոն ու թանգարան է այցելել դպրոցականների 70 %-ը՝ 300 հազար երեխա:
«Տաղանդներին խրախուսելու, բացահայտելու և դրսևորման միջավայր ձևավորելու կարիք ունենք, ինչին և միտված է պետական քաղաքականությունը:
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը նաև հանրային նոր մշակույթ է ձևավորում․ ընտրված հերոսներն առաջ գնալու, իրականությունը վերափոխելու մշակույթի կրողն են և կարողացել են սեփական գործով փաստել, որ դժվարությունները միշտ ժամանակավոր են և հաղթահարելի:
Ինձ համար առանձնակի հաճելի է մրցանակ հանձնել մի մարդու, որը ոչ միայն այս հանրային մշակույթն է բերում, այլև մշակույթի տարածումն ու զարգացումն ուղիղ իմաստով դիտում է իր անելիքը կրթության միջոցով»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու «Մեր ժամանակների հերոսը-2024» մրցանակը հանձնել մասնագիտությամբ երաժիշտ ու վոկալիստ Կարինե Մուսիկյանին, որը հիմնել է ժողովրդական երգի ստուդիա և երեխաներին ծանոթացնում է հայ ժողովրդական և աշուղական երգարվեստին։