Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել Նյու Յորքում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 4-9-րդ հորիզոնականները:
Կարենը 11-րդ և 12-րդ խաղափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ վերջին խաղափուլում ոչ-ոքի է խաղացել առաջնության չեմպիոն հռչակված Վոլոդար Մուրզինի հետ։
18-ամյա ռուսաստանցի շախմատիստը ոչ մի պարտություն չի կրել և վաստակել է 10 միավոր:
Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում են նաև Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք վաստակել են 8 միավոր և բաժանել են 22-41-րդ տեղերը։
Արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ին տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել նաև Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, որոնք 7-ական միավոր են վաստակել, և Ռոբերտ Հովհաննիսյանը (5,5 միավոր):
Կանանց մրցաշարին մասնակցել են Աննա Սարգսյանը (6 միավոր), Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը (5-ական միավոր)։
Դեկտեմբերի 30-31-ը կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: