Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը:
Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանում:
Կավելաշվիլին հանդիսավոր կերպով երդվել է, ինչից հետո հնչել է Վրաստանի հիմնը:
Վրաստանի խորհրդարանում նոր նախագահի ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին՝ առաջին անգամ անուղղակի եղանակով՝ ընտրական հանձնաժողովի կողմից: ԿԸՀ-ն տվյալով՝ Կավելաշվիլին ստացել էր 300 ձայնից 224-ը:
Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունները սպառվել են:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վայր չի դնի նախագահի լիազորությունները դեկտեմբերի 29-ին: Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի պայմաններում չի կարող լինել նախագահի լեգիտիմ ընտրություն»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ զգուշացրել էր, որ եթե Զուրաբիշվիլին հրաժարվի լքել նախագահական նստավայրը, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության:
Այսօր արդեն Զուրաբիշվիլին
հայտարարեց, որ հեռանում է նախագահականից՝ «տանելով իր հետ լեգիտիմությունը»: