Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախագահները քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում ադրբեջանական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր։
Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում: Զրույցում նշվել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը, որը խստորեն հետևել է ժամանակացույցին, բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերով, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթաքում Ալիևը նշել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկվել է արտաքին ֆիզիկատեխնիկական միջամտության, և միայն օդաչուների խիզախության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է այն կարողացել վթարային վայրէջք կատարել:
Ադրբեջանի նախագահը նաև հայտնել է, որ Ադրբեջանի առաջարկով միջազգային փորձագետների խումբ է ստեղծվել ՝ ինքնաթիռի կործանման պատճառների համապարփակ հետաքննություն անցկացնելու համար։
Կրեմլն, ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մանրամասները, հայտնել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնաթիռի կործանման դեպքով: Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ «երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում» հիմքով։ Ներկա պահին ընթանում են նախնական քննչական գործողություններ, հարցաքննվում են քաղաքացիական և ռազմական մասնագետները։
Հայտարարության մեջ նշվում է, որ աղետի վայրում աշխատում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի համապատասխան ծառայությունները՝ սերտորեն համագործակցելով հետաքննության շրջանակում։
Գրոզնի են ժամանել նաև Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներ, որոնք համագործակցում են Ռուսաստանի գլխավոր դատախազության և ՌԴ ՔԿ ներկայացուցիչների հետ:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։