Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոք դիրքորոշում ունեցող երկրները կարող են բանակցությունների հարթակ դառնալ, նման պետությունները բավական շատ են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Սլովակիայի վարչապետի հայտարարությանը։
«Դա միակ առաջարկը չէ։ Իհարկե, խոսքը կարող է լինել այն երկրների մասին, որոնք չեզոք դիրք են զբաղեցնում և համարժեք երկխոսության մեջ են ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։ Նման երկրները բավական շատ են։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ երկրների բոլոր խաղաղարար ջանքերին»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ երկրների իր գործընկերների հետ կառուցողական հարաբերություններ է պահպանում:
«Գլխավորը նման խաղաղ գործընթացի հետագիծ դուրս գալն է։ Առայժմ այդ հետագիծը չի շոշափվում Կիևի ռեժիմի հայտնի դիրքորոշման պատճառով»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: