Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ:
ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության պարզաբանման համաձայն՝ Իվանիշվիլու բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ ամերիկյան անձանց սեփականության կամ վերահսկողության տակ, կսառեցվեն:
Պատժամիջոցների ակտում չի նշվում, թե Իվանիշվիլու որ գործողություններն են հիմք հանդիսացել պատժամիջոցների համար։ Նշվում է միայն «Ռուսաստանի վնասակար գործողությունների» ազդեցության մասին: Հրամանագիրը, որի դրույթները կիրառվել են Իվանիշվիլու նկատմամբ, ընդհանուր առմամբ վերաբերում է այն անձանց, որոնք, ԱՄՆ-ի կարծիքով, սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության համար: Դա կարող է ներառել միջամտություն ժողովրդավարական գործընթացներին, մարդու իրավունքների խախտումներ կամ գործողություններ, որոնք աջակցում են այն ռեժիմներին, որոնք սպառնում են ԱՄՆ շահերին:
Հայտնի չէ, թե Իվանիշվիլու կարողության որ մասն է դեռ գտնվում Արևմուտքում: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ միլիարդատերն իրեն պատկանող արվեստի գործերը դուրս է բերել Լոնդոնից և Նյու Յորքից։