ԱՄՆ Միսիսիպի նահանգի Ջեքսոնի պետական համալսարանի դասախոս Լյուդվիգ Պետրոսյանն արդեն երկրորդ անգամ է Quanta-ի լսարանում, եկել է կրթելու Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ խմբի ուսանողներին։
Լյուդվիգ Պետրոսյանն այս անգամ էլ «Պլազմոնիկա» առարկան է դասավանդում, որը նանոֆոտոնիկայի ճյուղերից մեկն է: Պլազմոնիկան փորձել է ներառել երկու ուղղությունների՝ էլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի, լավագույն կողմերը և լուծել չափի և արագության հետ կապված խնդիրները՝ բացատրում է պրոֆեսորը։ Ենթադրվում է, որ ապագա սարքաշինության հիմքում կլինեն պլազմոնները, ոչ թե էլեկտրոնները կամ ֆոտոնները։
Չնայած, որ հրավիրյալ դասախոսները երկար չեն աշխատում ուսանողների հետ, Լյուդվիգ Պետրոսյանը հասցրել է ուսանողների մեծ մասի մոտ պոնտենցիալ տեսնել։
«Լսարանում մի քանիսը շատ հետաքրքրասեր ու ձգտող են, կարող են մեծ հաջողություն ունենալ պրակտիկ կիրառական ոլորտում, որտեղ ավելի շատ պրակտիկ աշխատանքը, փորձն ու սարքավորումներն են կարևոր, ոչ թե մտային ծանր վերլուծական ունակությունները, էդ ոլորտներում վստահաբար հաջողություններ կունենան»,- ասում է Պետրոսյանը։
Գիտության ոլորտում ծրագրերի արդյունավետությունը կարելի է միայն տարիներ հետո պարզել, երբ ուսանողները գիտական աշխատանքով կզբաղվեն՝ նշում է Լյուդվիգ Պետրոսյանը։ Բայց միանշանակ արձանագրում է՝ Quanta-ի գաղափարը լավն է։
«Ծրագիրը լավ է կազմակերպած այն իմաստով, որ դասապրոցեսում ներգրավել են ժամանակակից մասնագետների՝ համաշխարհային մասշտաբի մասնագետների, որոնք ժամանակակից մեթոդներով փորձում են կարճ ժամանակում առավելագույն գիտելիք տալ, ուսանողների համար ապահովել լայն մտահորիզոն ու պատկերացում ապահովել, որ ուսանողներն էլ կարողանան առաջիկայում կողմնորոշվել, թե որ ուղղությամբ են շարունակում»,- մանրամասնում է պրոֆեսոր Պետրոսյանը։
Դասախոսը նաև ծրագրի արդյունավետության մակարդակը բարձրացնելու տարբերակն է մատնանշում․ նախ պետք է բոլոր ուսանողներին ուղղորդել ընտրել ֆիզիկայի ամենից հոգեհարազատ ուղղությունը, ապա պահանջել չշեղվել այլ զբաղմունքներով և առաջիկա 1.5 տարին տրամադրել ուսմանը, լավ առաջադիմության կամ այլ հատուկ դեպքերում անգամ կրթաթոշակ տրամադրել։
Լյուդվիգ Պետրոսյանի կարծիքով, այս դեպքում կուրսից մի քանի հոգու տարերքը գիտությունը կդառնա, ինչը կնշանակի, որ ծրագիրը հաջողել է։