Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը մամուլի ասուլիսում պատմել է Ակտաուում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ:
Նրա խոսքով՝ ինքնաթիռն անկառավարելի է դարձել Ղազախստանի օդային տարածք մտնելուց առաջ:
Պատահարի մասին առաջին ահազանգը ստացվել է Ղազախստանի ժամանակով 10:43-ին՝ Ռոստովում ռուսական թռիչքների կառավարման կենտրոնի կարգավարներից: Անձնակազմը որոշել է ինքնաթիռն ուղարկել Ակտաու՝ Մախաչկալայում և Բաքվում եղանակային պայմանների պատճառով։ 10:53-ին Ռոստովի կարգավարն Ակտաուի իր գործընկերներին տեղեկություն է փոխանցել այն մասին, որ ինքնաթիռի սրահում թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել, ուղևորների մոտ գիտակցության կորուստ է եղել, և վայրէջքից հետո բժշկական օգնություն է պահանջվում: Ակտաուի օդանավակայանի արտակարգ ծառայությունները բերվել են պատրաստության»,- նշել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ անձնակազմը երկու անգամ փորձել է վայրէջք կատարել, սակայն նկատվել է բարձրության կորուստ և ընթացքի անկայունություն։ Ավելի ուշ ինքնաթիռի հետ կապը կորել է, որից հետո այն կործանվել է՝ բախվելով գետնին։
Կարաբաևը տեղեկացրել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են երկու սև արկղեր: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Ղազախստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չեն տա մասնակցել քրեագիտական հետաքննությանը, բայց նրանք կարող են մասնակցել դեպքի հետաքննությանը: