Հարավային Կորեայի խորհրդարանը հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելու օգտին:
Yonhap գործակալությունը տեղեկացնում է, որ իմփիչմենթին «կողմ» են քվեարկել 300 տեղանոց խորհրդարանի բոլոր 192 պատգամավորները, որոնք մասնակցել են ընթացակարգին: Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, որ իմփիչմենթ է կիրառվել նախագահի պաշտոնակատարի դեմ։ Հան Դոկ Սուն հայտարարել է, որ կհարգի խորհրդարանի որոշումը, սակայն մտադիր է սպասել Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը:
Իմփիչմենթի առաջարկն ավելի վաղ ներկայացրել էր Հարավային Կորեայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որին պատկանում է խորհրդարանի 300 տեղերից 170-ը: Դրանից առաջ Հան Դոկ Սուն հրաժարվել էր հաստատել բացակայող դատավորների նշանակումը Սահմանադրական դատարանում, որը քննում է նախագահ Յուն Սոկ Յոլիի գործը: Ավելի վաղ Յունը ևս իմփիչմենթի է ենթարկվել ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձի համար: