ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նիստը։ Այդ մասին նախարարությունը հաղորդագրության է տարածել:
Նիստում, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 12-20-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:
Ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը, հանձնաժողովի մյուս անդամները, այդ թվում` ներկայացուցիչներ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հեռարձակող ընկերությունից, մարզական կառույցներից և այլն:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակը՝ հաշվի առնելով մեր երկրի՝ միջազգային խոշոր մարզական մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձը: Նախարարը շեշտել է աշխատանքների` ժամանակին և պատշաճ կազմակերպման նպատակով ջանքերի մեկտեղման առաջնահերթությունը։
Մրցաշարի անցկացման վայրը, համաձայն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի սահմանած չափանիշների, պետք է ապահովված լինի հանդերձարաններով՝ համապատասխան կահավորմամբ, օդափոխման, սառեցման և այլ համակարգերով։
Քննարկվել է նաև հեռարձակման հարցը․ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի բոլոր հանդիպումները կցուցադրվեն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերության եթերում:
Կարևորվել են նաև անվտանգային պայմանների, շտապօգնության ծառայության ապահովման, մրցաշարի տոմսային քաղաքականության, երկրպագուների համար քաղաքի տարբեր հատվածներում ֆան-գոտիների ստեղծման և այլ հարցեր: Ակնկալվում է, որ առաջնության հանդիպումներին կկարողանա ներկա լինել շուրջ 500 հանդիսատես:
Քննարկվել է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականի նախապատրաստական պատշաճ փուլ անցնելու անհրաժեշտությունը՝ ուսումնամարզական հավաքների անցկացման միջոցով: Անդրադարձ է եղել նաև տեխնիկական հարցերին, այդ թվում՝ թիմի հանդերձանքի ու սաղավարտների ապահովման վերաբերյալ:
Նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։