Կառավարությունը հաստատել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները:
Որոշմամբ առաջարկվում է որոշակիացնել պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկը՝ միաժամանակ հաստատելով օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Այս համատեքստում, անկախ սեփականության ձևից, բոլոր այն օբյեկտների պետական պահպանությունը (հիմնարկություններ, ՓԲԸ-ներ, ՊՈԱԿ-ներ և այլն), որոնք չեն համապատասխանի սահմանված չափորոշիչներին, դրանց պահպանությունը կդադարեցվի, և դրանց պահպանությունը կվերապահվի մասնավոր պահնորդական կազմակերպություններին:
Այս պարագայում խոսքը վերաբերում է միայն կայուն պահակակետերով պետական պահպանության դադարեցմանը: Ոստիկանությունը կշարունակի իրականացնել պայմանագրային հիմունքներով, ահազանգման համակարգով մասնավոր օբյեկտների պետական պահպանությունը՝ մատուցվող ծառայությունների արժեքի վերանայման (բարձրացման) պայմանով: Հաշվի առնելով, որ ոստիկանական պետական պահպանությանն այլընտրանքներ գտնելու համար համապատասխան պետական մարմիններին և կազմակերպություններին անհրաժեշտ կլինի որոշակի ողջամիտ ժամանակ, որոշմամբ նախատեսվել է, որ այն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:
Արդյունքում կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ, որոնց հիմքում կլինեն մարդկային կուտակումը, արժեքների կուտակումը, օբյեկտի տեխնիկական առանցքային հանգույց հանդիսանալը կամ ռազմավարական խոցելիության հավանական մակարդակը: Միաժամանակ, կորոշակիացվի Ոստիկանության կողմից ներկայումս պետական պահպանության ենթակա օբյեկտների ցանկը, կբարձրանա անվտանգային սպառնալիքներին դիմագրավելու պետության կարողությունը, ինչպես նաև՝ մասնավոր պահնորդական գործունեության զարգացման համար կձևավորվեն շուկայական մրցակցային պայմաններ։