Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ունենք վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել. դրանք 4 վճիռներ են, մենք այդ վճիռներով կբռնագանձենք 5 անշարժ, 2 շարժական գույք և 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր՝ շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև առանձին՝ շուրջ 1 մլրդ 880 մլն դրամ: Սա ժամանակի հարց է: Այդ մասին Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով գույքի բռնագանձման մասով իրականացվող գործընթացին:
«Կարելի է ասել՝ աշխատանքն արդեն հասել է ինքնաշխատ մակարդակի: Մենք ինստիտուցիոնալացնելու խնդիր ունենք արդեն համակարգային տեսանկյունից, օրինակ՝ նույն փայերի գնահատման գործընթացը, պետգույքի կառավարման գործընթացը»,- ասաց նա և հավելեց՝ չկա այնպիսի շաբաթ, որ տեղեկատվություն չստանա օրինական ուժի մեջ մտած վճռի, դրանով գրանցված սեփականության իրավունքի մասին:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հավելեց՝ ապօրինի գույքի վերադարձից հետո 2 կարևոր հանգամանք կա՝ վերադարձված գույքի արդյունավետ կառավարում և գործերի քննության հետ կապված միասնական ստանդարտների սահմանում:
«Եթե ուզում ենք խոսել ինստիտուտի կայացման մասին, գոնե թե եռաստիճան դատական համակարգով անցած գործեր պիտի ունենանք, և ակնկալում ենք, որ մոտ ապագայում այդ գործերը կլինեն, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշում կունենանք՝ ուժի մեջ մտած, որ խոսենք պրակտիկայի միասնականության մասին»,- ասաց նա: