Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում պետությանը 2023-2024 թվականների ընթացքում վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը մոտ 30 մլն դոլար է: Այդ մասին Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Մասնավորապես՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ-ի կամ համայնքի սեփականության իրավունք:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլից սկսած՝ դատախազությունը նաև համայնքային շահերի պաշտպանության իր լիազորությունն է սկսել իրականացնել»,- ասաց նա:
Գլխավոր դատախազը նաև թվարկեց այդ գույքերը. խոսքը Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի, Կողբացու փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների, Ծաղկաձոր համայնքի մոտ 24.993 քմ մակերեսով հանգստի համար նախատեսված և հատուկ պահպանվող տարածքի մասին է: Շարքը համալրում են նաև Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող «Երասխ 2» զորամասի տարածքը, Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող, ընդհանուր 1 հա մակերեսով Աղավնու աղբյուր թաղամասի 27 և 28 հասցեների 2 հողամասերը, ինչպես նաև Կոտայքի մարզի Քասախ համայնքի Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող 0,008 հեկտար մակերեսով հողատարածքը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում ունեցել ենք հաշտության համաձայնություններ, և 2023-2024 թվականների ընթացքում հաստատված պետական ակտերով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամով արժեքով: Դրամական միջոցների տեսքով վերականգնվել է 584 մլն դրամ»,- ասաց նա և թվարկեց դրանք:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձագանքեց՝ և՛ հաշտությունների կայացման, և՛ վերջնական դատական ակտերի կայացման մասով ինստիտուտն աշխատում է:
«Այսինքն՝ այն խնդիրը, որն ի սկզբանե մեր առջև դրված էր՝ ունենալ հիմնական իրավական գործիք, որը կկազմի մեր պետության իրավական համակարգի մի մասը, այսօր ունենք այդ իրողությունը: Կարծում եմ՝ աշխատանքի շարունակականությունը կբերի նոր արդյունքների»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին դատարանում 150 հայց կա: