Արտադրողականության խթանման նպատակային ծրագրում փոփոխություններ կկատարվեն: Ծրագրի նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 27-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հիշեցնելով, որ ծրագրի շրջանակում օժանդակությունը տրամադրվում է նպատակայն վարկի կամ լիզինգի տարեկան տոկոսադրույքի 6-10 տոկոսի սուբսիդավորման ձևով:
2022-ից՝ ծրագրի մեկնարկից սկսած, մինչև 2024 թվականը կնքվել է 6559 պայմանագիր: Հաշվի առնելով ծրագրի պահանջարկը՝ նախարարը նախ առաջարկեց երկարաձգել նպատակային ծրագրի վերջնաժամկետը:
«Առաջարկվում է նպատակային ծրագրի վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակներում խորհրդատվական, աուդիտորական կազմակերպություներին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության դրամ պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական, աուդիտորական կազմակերպություններ ներգրավելու հնարավորությունը»,- ասաց նախարարը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է բարձր որակավորում ունեցող մասնագետներին, այն է՝ գործող ընկերությունների արտադրողականությանը նպաստելու համար բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում:
«2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը շուրջ 60 կազմակերպություններից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունների քանակը 45-ն է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետներով:
Առաջարկվում են հետևյալ բովանդակային փոփոխությունները. շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, քանի որ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի ինքնաֆինանսավորման հնարավորությունների շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության բարձր մակարդակ, իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային և հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է»,- ասաց նա:
ՏՏ ոլորտին բավականին աջակցություն է տրամադրվում, ուստի, ըստ նախարարի, այս և այլ ոլորտների միջև մրցակցությունն ապահովելու նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը կփոփոխվի:
«Բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը 20-ի փոխարեն սահմանում ենք 10, 50-ի փոխարեն՝ 30, 70-ի փոխարեն՝ 50»,- ասաց նախարարը: