Կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի նիստին ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց «Զբաղվածության՝ 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը. այն զբաղվածության ոլորտի զարգացան տեսլականն է, որը արձագանքում է առկա մարտահրավերներին:
Եթե խոսում ենք ՀՀ-ում գործազրկության մասին, ըստ նախարարի, պետք է նկատել, որ կա 2 բնույթի գործազրկություն, առաջինը՝ կառուցվածքային, երկրորդը՝ ցիկլիկ: Պատճառները տարբեր են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան մի շարք խնդիրներ, հատկապես պոտենցիալ աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի համարժեք գիտելիքի՝ փափուկ և մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից, արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար:
Ըստ նախարարի՝ օգտագործվող կամ պոտենցիալ աշխատուժի մարտահրավերը 2022-ին կազմել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների 15 տոկոսը կամ 339 հազար մարդ:
«Մի կողմից այս ցուցանիշը վկայում է չիրացած ներուժի մասին, որը մրցունակ աշխատանք ունենալու պարագայում կարող է նշանակալի ավելացված արժեք ստեղծել տնտեսության մեջ, մյուս կողմից՝ աշխատանքի բացակայությունը, որը բերում է աղքատության ավելացման»,- ասաց նա:
Եղած պատկերը փոխելուց զատ՝ ռազմակավարական ծրագիրը, ըստ նախարարի, ուղղված է նաև փոխելու հանրության շրջանում աշխատանքի ընկալումն ու վարքագիծը՝ աշխատող քաղաքացու կարևորությունը ընդգծելու համար:
Նախարարը թվարկեց նաև ռազմավարության հիմնական առանցքները: Ըստ այդմ՝ ծրագիրը կհանգեցնի մարզային քաղաքները ներառող համայնքներում, ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճի: Այն կհանգեցնի նաև կանանց զբաղվածության աճի՝ թիրախում ունենալով 30-40 տարեկան կանանց: Առանցքներից մեկն էլ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող աշխատունակ շահառուների ինտեգրումն է նրանց արդյունավետության բարձրացման միջոցով, ինչպես նաև զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպումն է՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականության աշխատատեղերի աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:
Ըստ նախարարի՝ առանցքային վերջին կետը պետք է հանգեցնի 18-29 տարեկան սովորող և չաշխատող երիտասարդների զբաղվածության աճին, հմտությունների շարունակական զարգացմանը, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Նախարարը նաև թվեր հրապարակեց՝ նշելով, որ վերջին տարիներին չաշխատող և չսովորող երիտասարդների թիվն աճել է: Եթե 2022-ին կար 130 հազար չաշխատող և չսովորող երիտասարդ, 2023-ին՝ մինչև 160 հազար:
«Եթե ցուցանիշների մասով խոսենք, այսինքն՝ [այն, թե] այս ռազմավարության վերլուծությամբ ինչպիսի կանխատեսումներ կան, մինչև 2031 թվականը զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող քաղաքներում կանխատեսվում է, որ կհասնի մինչև 60,7 տոկոսի, ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թվականին կանխատեսվում է, որ կկազմի մինչև 19,6 տոկոս, զբաղված կանանց մասնաբաժինը տարեկան աշխատանքային ռեսուրսների նկատմամբ կանխատեսվում է, որ կաճի՝ հասնելով մինչև 50,9 տոկոսի: Իսկ մյուս կարևոր թիրախը թերօգտագործվող աշխատուժն է. 2031-ին կանխատեսվում է, որ այն կկազմի 166 հազար մարդ՝ 2022-ի համեմատ նվազելով մինչև 58 տոկոսով և կազմելով աշխատանքային ռեսուրսների 7 տոկոսը»,- ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձագանքեց՝ մրցունակ աշխատատեղի համար պետք է մրցունակ կրթություն ապահովել և խթանների այնպիսի համակարգ ձևավորել, որպեսզի իրոք ստեղծվի աշխատատեղ, որը ոչ միայն զբաղվածություն է, այլև կարիերա է ապահովում թիրախային խմբի ներկայացուցիչների համար: Նախարարն արձագանքեց՝ այդ նպատակով աշխատանքները սինքրոնացվում են այլ ոլորտների, մասնավորապես՝ կրթության ոլորտի հետ: