ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ. կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ Նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։
Օրակարգի հաստատումից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը՝ անդրադառնալով կրթության, գիտության, միջազգայնացման, հաղորդակցության, ենթակառուցվածքների ու միջավայրի լավարկմանն ուղղված ծրագրերին, արձանագրած հաջողություններին, ձեռքբերումներին ու մարտահրավերներին։
«Անցնող տարին ԵՊՀ-ի համար եղել է թե՛ մարտահրավերների, թե՛ նշանակալի ձեռքբերումների տարի։ Այս ժամանակաշրջանում մենք կանգնած ենք եղել արտաքին և ներքին դժվարությունների առջև, սակայն կարողացել ենք արձագանքել դրանց՝ հավատարիմ մնալով համալսարանի արժեքներին և նպատակներին։ Թեև հաշվետու տարում արտաքին մարտահրավերները բազմաթիվ էին, և դրանց ազդեցությունը հասարակության և համալսարանի վրա չափազանց մեծ էր, ԵՊՀ-ն ամբողջ տարվա ընթացքում հետևել է պլանավորված գործողությունների ռազմավարությանը՝ բարելավելով կրթական ծրագրերը, խթանելով գիտական հետազոտությունները և ամրապնդելով միջազգային համագործակցությունը։ Մենք շարունակել ենք արդիականացնել մեր կրթական միջավայրը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն ուստարվա ընթացքում իր գործունեության բոլոր ուղղություններով կարողացել է հասնել նշանակալի հաջողությունների և արձանագրել տեսանելի արդյունքներ, որոնց վերլուծությունը հնարավորություն է տալիս շարունակելու ընթանալ վերափոխման և համակարգային բարեփոխումների ճանապարհով։
Մանրամասները՝ այստեղ։