ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «էթիկա» երևույթին ու նրա ընկալումներին։
«Վերջերս համացանցում մի զրույց էի նայում և զրույցի մասնակից պրոֆեսորը «էթիկա» երևույթի ընկալման հետաքրքիր դիտանկյուն առաջ քաշեց: Նա էթիկան դիտարկում էր որպես անվտանգության բաղադրիչ: Ի՞նչ է բխում սրանից. որ էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: Եւ իսկապես: Եթե դու շփման մեջ և կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է:
Բերեմ կոնկրետ օրինակ. եթե դու խոսքով կամ գործով վիրավորում, վնասում ես մեկին, նա կարող է հակադարձել առնվազն վիրավորանքով, պատասխան վնաս հասցնելով և իրադարձությունների հետագա զարգացումը կարող է բերել ընդհուպ բռնության, ընդհուպ զոհերի և էական չէ, դու սպանողն ես, թե զոհը: Երկու դեպքում էլ քո կյանքը խաթարված է:
Վերը նկարագրվածը, իհարկե, ծայրահեղ դեպքն է, որը բերում եմ որպես ամենասուր օրինակ: Ու տարբեր իրավիճակների հաշվառումով սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում: Հարգարժան պրոֆեսորը էթիկայի հստակ համակարգի բացակայությունը կամ դրա չպահպանումը համարում էր ինքնաոչնչացման մեխանիզմի մաս, վերը հիշատակված նույն հիմնավորմամբ: Ու սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում:
Ընդ որում, բոլոր այս դեպքերը հավասարաբար վերաբերում են թե արտաքին և թե ներքին հարաբերություններին: Սկսած ընտանիքից: Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր, թե քո ընտանիքի ներսում, թե նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին): Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե քո, թե քո ընտանիքի, թե քո միջավայրի, թե հանրության, թե պետության համար: Եթե հանրային մի խումբը իրեն սահմանափակված չի համարում էթիկայով, դա կարող է ներհանրային լարումներ գեներացնել: Նույն կերպ՝ կարող է առաջացնել արտաքին լարումներ: Եւ այսպես շարունակ:
Հետևաբար, համոզիչ է թվում, որ էթիկան անվտանգության էական բաղադրիչ է: Եթե մեր երկրում անհատական, խմբային, հանրային և պետական մակարդակում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու: Ավելի ճիշտ, այդ ռիսկերը գեներացված են վաղուց, և հարգարժան պրոֆեսորի բանաձևի տրամաբանությամբ, ինքնաոչնչացման գործարկված մեխանիզմի մասին կարող են վկայել:
Այս խնդրին, իհարկե, հնարավոր չէ բացարձակ լուծում տալ: Որևէ բան փոխել հնարավոր չէ մեկ կամ մի քանի գրառումներով: Հարկավոր է նախ քննարկում ունենալ այս թեմայով, բանաձևեր առաջ բերել: Այս պահին սա գրում եմ մեր հանրային, քաղաքական, պետական կյանքում այս օրակարգը ամրագրելու համար»,- գրել է նա: