Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը Տարտուս քաղաքում (Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա) գործողություններ են իրականացրել նախկին ռեժիմի բարձրաստիճան սպային ձերբակալելու համար։ Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, թաղամասերից մեկում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է ներքին գործերի նախարարության 14 աշխատակից, 10 մարդ վիրավորվել է։
Լրատվականի տեղեկություններով՝ ավելի վաղ այս նավահանգստային քաղաքում, ինչպես նաև Լաթաքիայում, Ջեբլայում և Հոմսում, բողոքի ակցիաներ են անցկացրել ալևիները՝ Սիրիայի կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք ուղեկցվել են իրավապահների վրա հարձակումներով։ Իշխանությունները պարետային ժամ են հաստատել՝ նախկին նախագահի կողմնակիցներին մեղադրելով անկարգություններ հրահրելու, «սիրիական ժողովրդի միջև տարաձայնություն սերմանելու փորձի համար»։
Խաղաղ չէ նաև Դամասկոսում, կրակոցներ են լսվել մայրաքաղաքի արևմտյան միկրոշրջանում, որտեղ ապրում են նախկին ռեժիմի պաշտոնյաներ: Սիրիայի նոր իշխանությունն անվտանգության ուժեղացված միջոցառումներ է իրականացնում նաև մայրաքաղաքում:
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ «հետապնդելու է բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակը»։ «Կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության և կարժանանան արդարացի պատժի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։