Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քովիդի դրական ախտորոշման պատճառով նախագահել է հեռավար: Իր խոսքում վարչապետը նշել է, որ ավարտվում է միությունում Հայաստանի նախագահության ժամկետը, շեշտել, թե որոնք են եղել Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:
«Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես գիտեք, վերաբերում էին տնտեսական գործակցության առանցքային ոլորտներին, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծմանը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը և միջազգային հարաբերությունների ամրապնդմանը։ Առաջնահերթությունների թվում էին նաև գործակցության ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, նաև ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ ներմուծելու համար։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործողությունների ծրագիրը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման համար ինտենսիվ էր և արտացոլում էր իմ հունվարյան ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները։ Համոզված եմ, որ մանրամասները հանձնաժողովի կողմից ավելի դետալային կքննարկվեն պլանի կատարումն ամփոփելիս։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Խորհրդի անդամներին Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացմանն աջակցելու համար»,- ասել է վարչապետը: