ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ մարտահրավերների առաջ կկանգնի՝ փորձելով իրականացնել անօրինական միգրանտների լայնածավալ արտաքսման ծրագրերը՝ գրել է The Hill թերթը։
Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։
Պարբերականը, սակայն, նշում է. «Ինչպես Թրամփի առաջին նախագահական ժամկետում, միգրացիոն ոլորտում նրա օրակարգի իրականացումը լուրջ խոչընդոտների կհանդիպի»:
Թրամփը մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել «բոլոր նրանց, ովքեր երկրում օրինական հիմքերով չեն գտնվում»: Թերթի գնահատում է, որ «դա անելու համար կպահանջվի բյուջեի աստղաբաշխական ավելացում», և ներկայացնում է հաշվարկներ, որոնց համաձայն՝ «երկրում անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող մոտ 13 մլն մարդու արտաքսումը կարժենա առնվազն 88 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ամբողջ ընթացիկ բյուջեն»:
The Hill-ը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ անօրինական միգրանտների զանգվածային արտաքսումներ իրականացնելու Թրամփի փորձերը անխուսափելիորեն կհանգեցնեն դատական գործընթացների։ Միգրանտները և նրանց աջակցող իրավապաշտպան կազմակերպությունները, ամենայն հավանականությամբ, կփորձեն դատարանների միջոցով անօրինական ճանաչել ապագա վարչակազմի գործողությունները: