Ֆինլանդիայի ոստիկանությունը և սահմանապահները սկսել են հետաքննել իրավիճակը՝ կապված Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման մալուխի ընդհատման հետ։ Մալուխի երկարությունը մոտ 170 կմ է, որից 145 կմ-ն անցնում է ծովի հատակով։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն վստահեցրել է, որ միջադեպը չի ազդի երկրի էներգամատակարարման վրա՝ հաղորդում է ֆիննական Yle հրատարակությունը։
Fingrid ցանցային ընկերությունը չի բացառել դիվերսիայի հնարավորությունը, սակայն ընդգծել է, որ միջադեպի պատճառները դեռ պետք է պարզվեն։ Նշվում է, որ դեպքի վայրին մոտ նկատվել է Հոնկոնգի դրոշով կոնտեյներային Xin Xin Tian 2 նավը: Ըստ Yle-ի, Estlink 2 մալուխի շրջանում նկատվել է նաև մեկ այլ նավ՝ նավթատար Eagle S-ը՝ Կուկի կղզիների դրոշով: Lloyd's List պարբերականի տվյալներով՝ Eagle S լցանավը ռուսական նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» կազմում է։ Երկու նավն էլ Սանկտ Պետերբուրգից ուղևորվել է Եգիպտոս:
Լրատվամիջոցները հիշեցրել են, որ դա մալուխի վնասման առաջին դեպքը չէ: Այս տարվա նոյեմբերին Ֆինլանդիայի ծոցում վնասվել էին Ֆինլանդիայի և Գերմանիայի, ինչպես նաև Շվեդիայի և Լիտվայի միջև կապի մալուխները։ Միջադեպի համար կասկածվում է չինական Yi Peng 3 կոնտեյներային նավը, որը, ենթադրաբար, մալուխները կտրել է իր խարիսխով։