Վերջին երեք տարիների ընթացքում Երևան քաղաքում մենք տնկել ենք 50 հեկտար անտառածածկ տարածք՝ իր ոռոգման համակարգով: Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ամփոփելով 2024 թվականին կատարված աշխատանքները, նաև ներկայացնելով վերջին մի քանի տարիների աշխատանքի արդյունքը:
«2024-ին ընդհանուր վերանորոգել ենք 30 կմ ոռոգման ցանց: Տնկարանի տարածքն ենք ընդլայնել, 1 հեկտարից այս տարի դարձել է 25 հեկտար՝ 15 հազար նոր ծառատեսակներով, և մեր տնկարանը շատ շուտով՝ մի քանի տարի հետո, ոչ միայն Երևան քաղաքի համար, այլև ամբողջ հանրապետության համար հնարավորություն է ունենալու մատակարարել բոլոր հնարավոր տեսակի տնկիներով»,- ասաց նա:
Շինբարեկարգման ոլորտում ևս, ըստ Ավինյանի, մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Միջին նորոգման են ենթարկվել մոտ 50 կմ երկարությամբ փողոցներ և ճանապարհներ, վերջին 2 տարվա ընթացքում գումարային մոտ 90 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը: Առաջին անգամ Երևանում իրականացվել են նաև տերմոպլաստով գծանշումներ:
1 տարվա ընթացքում 20-ից ավելի մանկապարտեզներ են հիմնանորոգվել, մշակութային կենտրոններ, նաև բակեր են բարեկարգվել:
«Հաջորդ տարի սկսում ենք 33 մանկապարտեզների և 6 պոլիկլինիկաների հիմնանորոգման նախագծերը: Մի մասն արդեն նախագծային փուլն անցել է, մի մասում սկսելու ենք նաև շինարարությունը և հաջորդ տարի կրկին շատ մեծ ծավալի աշխատանքներ ունենք այս առումով»,- ասաց Ավինյանը:
Մանկապարտեզներում մեկնարկել է նաև տեսախցիկների տեղադրման աշխատանքը, բարելավվել է սննդի վերահսկողությունը:
«Լուրջ վերահսկողություն ենք դրել սննդի ամբողջ շղթայի մասով: Սկսած արտադրամասից՝ կապարակնքվում է սնունդը, այդ կապարակնիքը բացվում է միայն մանկապարտեզում, խոհանոցներում: Վերջին քննարկումները ցույց են տալիս, որ իրապես սննդի որակը բարելավվել է: Նաև մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերն ենք բարձրացրել 30 տոկոսով այս տարվա ընթացքում»,- ասաց նա: