Սանտա Կլաուսը երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ծննդին ընդառաջ, դուրս է եկել Հյուսիսային բևեռից՝ նվերներ բաժանելու ամբողջ աշխարհում, ասվում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) հայտարարության մեջ, որն ավանդաբար հետևում է նրա տեղաշարժին:
Սանտա Կլաուսը Հյուսիսային բևեռը լքել է իր կախարդական սահնակով, որին քաշում են ինը հյուսիսային եղջերուներ՝ հանրահայտ կարմիր քթով հյուսիսային եղջերու Ռուդոլֆի գլխավորությամբ:
Ավանդաբար, Սանտա Կլաուսը սկզբում այցելում է Հարավային Խաղաղ օվկիանոս, ապա Նոր Զելանդիա և Ավստրալիա: Դրանից հետո նա կմեկնի Ճապոնիա, Ասիա, Աֆրիկա, ապա Արևմտյան Եվրոպա, Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա՝ բաժանելով մի քանի միլիարդ նվեր։ NORAD-ը զգուշացնում է, որ Սանտայի երթուղին կարող է փոխվել՝ կախված եղանակային պայմաններից՝ այն դարձնելով «իսկապես անկանխատեսելի»: NORAD-ն օգտագործում է ռադիոտեղորոշման համակարգեր, արբանյակներ և կործանիչներ՝ Սանտա Կլաուսի գտնվելու վայրը որոշելու համար։
Սուրբ Ծննդյան գլխավոր հերոսի շարժումներին հետևելու ավանդույթը NORAD-ում ծագել է 1955 թվականին, երբ ամերիկյան թերթում հայտնվել է հեռախոսահամար պարունակող հայտարարություն, որին զանգահարելով կարելի էր «խոսել Սանտայի հետ»։
Սակայն հայտարարությունում վրիպակ է եղել, և արդյունքում երեխաները սկսել են զանգահարել ԱՄՆ մայրցամաքային հակաօդային պաշտպանության հրամանատարության շտաբ: 1958 թվականից սկսած՝ զինվորականները ստանձնել են տոնական պարտականություն՝ ամեն տարի բոլորին տեղեկացնել Սանտա Կլաուսի տեղաշարժերի մասին։