Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես կաթոլիկ Սուրբ Ծնունդը նշելու օրերը երկրում հանգստյան օրեր են հայտարարել, քաղծառայողները կհանգստանան դեկտեմբերի 25-ին և 26-ին։
Կշարունակեն աշխատել միայն այն հիմնարկներն ու մասնագիտացված բաժինները, որոնց գործունեությունն անհրաժեշտ է։
Երեքշաբթի, սակայն, բողոքի ցույցեր են տեղի ունեցել Դամասկոսի՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված շրջաններում, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:
Ցուցարարները փողոց են դուրս եկել, երբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ Սիրիայի կենտրոնական Համա քաղաքի մոտ այրում տոնածառը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են ապահովել քրիստոնյաների իրավունքները։ «Հայաթ Թահրիր ալ Շամը» հայտարարել է, որ Սուրբ Ծննդյան խորհրդանիշը հրկիզողները «սիրիացի չեն», և խոստացել է պատժել մեղավորներին: