ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ գրասենյակի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Հուշգիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։
Հուշագիրն ամրագրում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև համագործակցության ուղղությունները ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակներում։
Հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահություն է հայտնել, որ «Կերոն» հիմնադրամի հետ հաստատված համագործակցությունը սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավման գործում նոր նախաձեռնությունների սկիզբ կդառնա։
«Այս հուշագիրը գրասենյակի և հիմնադրամի ընդհանուր տեսլականի արտացոլումն է։ Այն միտված է համագործակցության հաստատմանը գրասենյակի առանցքային «իԳործ» ծրագրի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով թիրախային ոլորտներում ներգրավել բարձր մասնագիտական որակներ ունեցող սփյուռքահայերի»,- ընդգծել է Զարեհ Սինայանը։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեր Վանանե Արարքցյանն իր հերթին ընդգծել է, որ հիմնադրամը պատրաստ է այս համագործակցության շրջանակում շարունակել իր ներդրումը համատեղ նախաձեռնությունների իրականացման և նոր ծրագրերի մշակման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։
«Մենք ուրախ ենք համագործակցել «իԳործ» ծրագրի հետ, քանի որ այն լիովին համահունչ է մեր հիմնադրամի առաքելությանը՝ ներգրավել լավագույն մասնագետներին Հայաստանում և խթանել նրանց մասնակցությունը երկրի առաջընթացին»,- նշել է Վանանե Արարքցյանը։
Հաղորդագրությունում նշված է, որ այս տարի արդեն «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իր համագործակցությունն է սկսել ամերիկահայ երաժիշտ, երգահան և պրոդյուսեր Տաթևիկ Եղիազարյանը։