Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով և կարծում եմ, որ պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել: Այդ մասին խորհրդարանի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե քովիդը պատրվակ է, որ վարչապետը չմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Կոնջորյանը նաև նկատեց՝ կան շրջանակներ, որոնք բոլոր պրոցեսների վերաբերյալ էլ դավադրապաշտական վարկածներ են առաջ քաշում, «նույնիսկ եթե վարչապետն ասի՝ մածունը սպիտակ է»:
«Վարչապետը արդեն հանդես է եկել գրառմամբ և մասնակցության-չմասնակցության վերաբերյալ իր մեկնաբանությունն արել է»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Կոնջորյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ քովիդի դրական ախտորոշում ունի: