Ճիշտ կլիներ ու հանրության առջև նաև ազնիվ կլիներ նախորդ նախագահների կողմից, որ բացի իրենց ներկայացուցիչների միջոցով վարչապետին հարցեր ուղղելուց, բացի իրենց ներկայացուցիչների միջոցով հարցեր բարձրաձայնելուց, գան և ուղիղ հենց այդ մասին խոսեն: Այդ մասին խորհրդարանի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախկին ղեկավարներին արված բանավեճի հրավերին:
«Ինչո՞ւ հրաժարվեցին, իմ համոզմունքն այն է, որ իրենք չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով, հրապարակային կերպով»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ վարչապետին բանավեճի հրավիրելու առաջարկին, Հայկ Կոնջորյանը նշեց՝ եթե քաղաքական դաշտում կլինեն գործիչներ, որոնք կընդունեն նրա հրավերը, կարող են բանավիճել. կա կարգավիճակների համարժեքության հարց:
Կոնջորյանը նաև կարծիք հայտնեց, որ նախկին նախագահները եղել են Ղարաբաղի հարցի չլուծման ներքաղաքական շահառուն:
«Համոզմունք ունեմ, որ նախորդ իշխանությունների համար Ղարաբաղի հարցը եղել է ներքաղաքական խնդիր, եղել է ՀՀ-ում իշխանությունը զավթելու և իշխանությունը պահելու միջոց: Իրենք եղել են Ղարաբաղի հարցի չհանգուցալուծման ներքաղաքական շահառուն, այսինքն՝ որպեսզի ղարաբաղյան հարցը՝ որպես կոնֆլիկտ, միշտ մնա, ունեցել է տարբեր շահառուներ, այդ թվում՝ Հայաստանից դուրս: Բայց իրենք՝ նախկին նախագահները, եղել են այդ թվում Ղարաբաղի հարցի չլուծման ներքաղաքական շահառուն, քանի որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէր, կարելի էր ասել՝ ժողովո՛ւրդ ջան, ամեն ինչի վրա աչք փակեք. կոռուպցիա կա, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, արդարություն չկա, որովհետև Ղարաբաղի հարց ունենք, արտագաղթ կա, որովհետև Ղարաբաղի հարց ունենք և այլն»,- ասաց նա: