Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Ռուսաստան կատարած այցից հետո Բրատիսլավայում ցույց է սկսվել: Ակցիայի մասնակիցները դժգոհել են, որ Ֆիցոն իր քայլով դեմ է գնում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին և մտավախություն հայտնել, որ Սլովակիայի վարչապետը կարող է փոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը դեպի Մոսկվա: Ցույցերի ֆոնին՝ Սլովակիայի նախագահը հայտարարել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի բանակցությունները Ռուսաստանում ունեն «մեծ արտաքին քաղաքական մասշտաբ», սակայն չպետք է վնասեն հանրապետությանը՝ հաշվի առնելով երկրի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։
Դեկտեմբերի 22-ին Սլովակիայի վարչապետն այցելել էր Ռուսաստան: Ռոբերտ Ֆիցոյին Կրեմլում ընդունել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման օրակարգում եղել է ռուսական էներգակիրների մատակարարման հարցը՝ Ուկրաինայի կողմից դրանց տարացումն իր տարածքով արգելելուց հետո: Ռոբերտ Ֆիցոյի Ռուսաստան այցին է անդրադարձել Ուկրաինայի նախագահը: Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվան զգալի զեղչեր է տրամադրում Ֆիցոյին, սակայն Սլովակիան է վճարում դրանց համար։
«Նման զեղչերն անվճար չեն. Ռուսաստանին վճարումները կատարվում են ինքնիշխանության կամ ոչ թափանցիկ սխեմաների միջոցով: Սա պետք է մտահոգի Սլովակիայի իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին»,- գրել է Ուկրաինայի առաջնորդը՝ հավելելով՝ «Նման ֆինանսավորման մասին մանրամասներ են բացահայտվել Բրյուսելում եվրոպացի առաջնորդների վերջին հանդիպման ժամանակ։ ԵՄ Ղեկավարները նկատել են, որ պարոն Ֆիցոն չի ցանկանում մասնակցել էներգետիկ անկախությանն ուղղված համաեվրոպական ջանքերին կամ փոխարինել ռուսակա գազը: Հակառակը՝ նա ցանկանում է օգնել Ռուսաստանին՝ ամերիկյան գազը և այլ գործընկերների էներգակիրները Եվրոպայից հեռացնելու հարցում, ինչն անբարոյականություն է»:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։