Վարչապետ Փաշինյանն արեց պնդում առ այն, որ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այդ մասին ասված է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի Ֆեյսբուքի էջում:
«Հետո եղան երեք նախկին նախագահների ճամբարների կոշտ հերքումները, հետո Փաշինյանի բանավեճի հրավերը, հետո՝ մերժումը:
Իսկ իրականում պատճառը, որ սուրբ եռանախագահությունը մերժել է վարչապետ Փաշինյանի բանավեճի հրավերը, այն է, որ այդ բանավեճին գալով՝ Քոչարյանն ու Սարգսյանը՝ մի կողմից, Տեր-Պետրոսյանը՝ մյուս կողմից, անխուսափելիորեն ստիպված էին լինելու միաժամանակ հերքել Փաշինյանի պնդումը, բայց նաև հաստատել այն:
Օրինակ՝ Տեր-Պետրոսյանը ստիպված էր լինելու հիմնավորել, որ պնդումը ճիշտ է Քոչարյան-Սարգսյան զույգի մասով: Չէ՞ որ ինքը` Տեր-Պետրոսյանը, արդեն դա հիմնավորել է 2012 թվականին, երբ, քննադատելով Քոչարյանի ու Սարգսյանի օրոք որպես բանակցային հիմք ընդունված ու հրապարակված Մադրիդյան սկզբունքները, ասել է.
«Սա մի բան է նշանակում. երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է՝ Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ ոչ ավել, ոչ պակաս, ինքնավարություն՝ ավտոնոմիա, Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա: Սա է, ուրիշ բան չի նշանակում: Ու սրանով, հիմա ասում են՝ հրաշք է, առաջին անգամ է, էդպես չի, էլի սուտ են խոսում: Առաջին անգամ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք նշված է Լիսաբոնի բանաձևում: Այդքան որ խոսում են, ասում են և այլն, Լիսաբոնի բանաձևը նույնն էր, ինչ այս Մադրիդյան սկզբունքները»:
Ու թեև Լիսաբոնի բանաձևի վրա Տեր-Պետրոսյանը վետո էր դրել (թե ինչու ու ինչ էր սա նշանակում, ևս քննարկման առարկա է), 2012-ին էլ հիմնավորել էր, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, 2016 թվականին արդեն նա ասում էր.
«Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին»:
Այսինքն՝ ըստ Տեր-Պետրոսյանի, Մադրիդյան սկզբունքների ներքո 2016 թվականին սեղանին դրված առաջարկն ըստ էության նույնն էր, ինչ 1997 թվականին՝ մի քիչ վատը, բայց էությամբ նույնը: Այն Մադրիդյան սկզբունքների, որոնք, ըստ նույն Տեր-Պետրոսյանի, Լիսաբոնի վետոյված բանաձևի տրամաբանության կրկնությունն էին ու ենթադրում էին Ղարաբաղ՝ Ադրբեջանի կազմում:
Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը, իրենց հերթին, պիտի ստիպված լինեին բացատրել, թե ինչով էր, ըստ իրենց, 1997 թվականի փուլային տարբերակն այդքան վատը: Նրանք պիտի բացատրություն տային, թե ինչպես Լիսաբոնի տրամաբանությունը արտահայտվեց որպես Մադրիդյան սկզբունքներ: Նաև պիտի հակադարձեին, որ հենց Տեր-Պետրոսյանն է 2016-ին ասել, որ 1997-ին ու 2016-ին սեղանին եղած առաջարկներն, ըստ էության, նույն են եղել, ու, հետևաբար, եթե Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ուրեմն նույնը ենթադրում էր 1997-ի տարբերակը:
Ու, ընդհանրապես, պիտի բացատրեին, թե ինչու էր Քոչարյանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 2008 թվականին ասում, որ Տեր-Պետրոսյանի՝ 3 տարով նախագահ դառնալու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս «երևի համարում է, որ երեք տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար»:
Ինչո՞ւ էր Սարգսյանը նման բան ասում, եթե հիմա` 2024 թվականին, իրենք իրենց սուրբ երրորդությամբ ու տարատեսակ առաքյալներով պնդում են, որ մինչև Փաշինյանն ամեն ինչ ճիշտ էր գնում, ու բանակցությունները չեն եղել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին:
Բայց իրենք միմյանց մասին ասված այս ամենն արդեն մոռացել են, չեն ուզում հիշել, որովհետև իրենց նպատակը ոչ թե ճշմարտության վերհանումն է ու ապագայի մասին մտորելը, այլ իրենց ֆան-ակումբների ու ավատարների միջոցով միասնաբար Փաշինյանին առանց բովանդակության մեջ մտնելու մեղադրելն ու պիտակելն է՝ առանց տեղում ու անձամբ հակադարձում ստանալու ռիսկի»,- նշված է գրառման մեջ: