ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Օրեր առաջ նախարարը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրել էր, որ վերակառուցվող փողոցներից որոշներում էլեկտրական հենասյուների վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային միջավայրին, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց բարեկարգման ուղղությամբ։
Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, նախանշվել է քայլերի հաջորդականությունը և կատարվել աշխատանքի բաժանում, որպեսզի սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումներ գտնվեն ծանրաբեռնված հենասյուների ապամոնտաժման և նորերի տեղադրման համար։
Նախարարն ընդգծել է, որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահովելուն զուգընթաց պետք է հաշվի առնել բնակիչների պահանջները և խստորեն հետևել անվտանգության կանոններին։
Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, հիմնադրամի փոխտնօրեն Արմինե Մուրադյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և այլ գործընկերներ։
Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։