Քոչարյանի որդիներից կրտսերը երեկ տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, թե երկրորդ և երրորդ նախագահները բանակցել են միայն ԼՂ-ն Հայաստանին միավորելու կամ դրա անկախացման մասին։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի Ֆեյսբուքի էջում:
«Ասել, որ սա սուտ է, նշանակում է ոչինչ չասել: Ձեզ եմ ներկայացնում Քոչարյանի բանակցած «Ընդհանուր պետության» տարբերակից երկու կետ.
«...5. ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական` կունենան Ադրբեջանի անձնագիր՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագրեր հանձնելու: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ այդ երկրի օրենքների համաձայն:
6. ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին»:
Հիմա եթե Քոչարյան կրտսերը պնդում է, որ այս անձնագիրը ստանալու էին անկախ ԼՂ-ի կամ ՀՀ-ի կազմում գտնվող ԼՂ-ի քաղաքացիները, ապա սա արդեն լրիվ ուրիշ հարթության հարց է, և այստեղ շատ ավելի խորը ուսումնասիրության կարիք կա»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Գրառմանն արձագանքել էին նախկին նախագահների ներկայացուցիչները, ինչից հետո վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածները։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին
դիմել էր ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։
Ինչպես հայտնել էինք, նախկին նախագահները, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած բանավեճի կոչին,
հրաժարվել էին բանավիճելուց։