Ամենայն հարգանքով դատական իշխանության նկատմամբ՝ առաջին ատյանի կողմից վճիռը կայացվել է և օրինական ուժի մեջ չի մտել: Դուք խոսում եք իրավունքից, իրավական պետությունից, իրավական պետությունը ենթադրում է, որ այն դատական ակտերը, որոնք իրավական ուժի մեջ չեն մտել և վերջնական բնույթ չեն կրում, ներկայացնել որպես վերջնական ճշմարտություն, որովհետև այն ատյանը, որտեղ բողոքարկվում է այդ դատարանի որոշումը, նույնպես դատարան է։ Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով կարմիր գծերի թանկացման վերաբերյալ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների քննադատությանը, թե դատարանը անվավեր է ճանաչել այդ որոշումը, և որ կարմիր գծերի թանկացումն ի վերջո չի բերել քաղաքի բեռնաթափման:
«Մեր երկրում եռաստիճան դատական համակարգ է գործում։ Հետևաբար, քանի դեռ չկա վերջնական դատական ակտ, խնդրում եմ՝ մի՛ ներկայացրեք դա որպես վերջնական իրողություն»,- ասաց նա։
Սուրեն Գրիգորյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե կարմիր գծերի թանկացման որոշումը չընդունվեր, շատ ավելի «խայտառակ իրավիճակ» էր լինելու:
«Բազմիցս խնդրել ենք, հորդորել ենք, ասել ենք՝ կարմիր գծերի մասին որոշումը մի՛ ներկայացրեք որպես քաղաքի ամբողջական բեռնաթափման միջոց, որովհետև մենք էլ այդպես չենք ներկայացնում։ Մենք ասել ենք, որ դա համալիր միջոցներից մեկն է»,- ասաց նա:
Սուրեն Գրիգորյանը նաև նշեց, որ դատական ակտը դեռ վերջնական ուժի մեջ չի մտել, և քանի որ ունեն անհամաձայնություն որոշման հետ, փաստարկները կներկայացվեն վերաքննիչում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձավ մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափմանը՝ ընդգծելով, որ ավտոկայանատեղիների վարձավճարը նախորդ տարի սահմանելուց հետո չեն նշել, թե բեռնաթափման խնդիրը կլուծվի արմատապես։
Ըստ քաղաքապետի՝ եթե Սարյան փողոցում կամ Կենտրոնի շատ այլ հատվածներում կայանատեղիի գինը 1000-1200 դրամ էլ սահմանվի, միևնույն է, իրավիճակն արմատապես չի փոխվի։
«Սակայն Խանջյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովա փողոցում և որոշ այլ փողոցներում էական փոփոխություն կա։ Եթե նախկինում կայանատեղ գտնելու համար անհրաժեշտ էր 20 րոպե, ապա հիմա հնարավոր է, որ երեք րոպեում գտնես ինչ-որ տեղ, կայանես»,- ասաց նա և հավելեց՝ կայանատեղիների սահմանափակման և վճարների մեխանիզմը հեծանիվ հորինելու փորձ չէ. ամբողջ աշխարհում, երբ կա քաղաքային երթևեկությունը բեռնաթափելու խնդիր, առաջին լուծումը կայանատեղիների սահմանափակումն է և դրանց վճարները։
Ավինյանը նաև ընդգծեց՝ կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել, այն որ հայտարարվում էր, թե 13 անգամ թանկանում է, փաստացի 2 անգամ ավելի գումար էլ չի հավաքվել, այլ՝ 1,9 անգամ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։