3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար շինթույլտվության տուրքը 8-րդ գոտու համար սահմանվել է 4 մլն դրամ 2024 թվականին սահմանված 5 մլն դրամի փոխարեն, որի մասով 2024-ին գործում էր 20 տոկոս արտոնություն, ինչպես նաև պայմանավորված այն հանգամանքով, որ 2023-ին ընդունված օրենքի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության շինարարություն իրականացնելու թույլտվության դրույթը 2024 թվականի փետրվարի 8-ից ուժը կորցրած է ճանաչվել, և նշված տեղական տուրքի տեսակը նախագծում չի ներառվել: Այդ մասին Երևանի ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ մանրամասնելով տեղական տուրքերի դրույքաչափերը փոխելու հարցը:
«Որոշման մեջ կիրառվել են տեղական տուրքերի և վճարումների մասին օրենքով սահմանված գոտիականության գործակիցները»,- ասաց նա:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն ասաց, որ նոր տուրքերը, որոնք սահմանվում են, ստրատեգիական որևէ փոփոխություն չեն բերում, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու հարցին:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց կարծիքի հետ՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանի նպատակը Երևանում կառուցապատում թույլ չտալը չէ, այլ հատակագիծ ունենալը՝ հասկանալու համար, թե ինչ կառուցապատում է թույլատրվում այս կամ այն վայրում:
Անդրադառնալով տուրքերի չափերին՝ Ավինյանը նկատեց. «Մեր ընդունած տուրքերը ոչ միայն բյուջեի մուտքերի մասին էին, այլ նաև էականորեն զսպել են կառուցապատման ծավալները Երևան քաղաքում, որովհետև եթե այս տուրքերը չընդունեինք, մենք ուղղակի չենք պատկերացնում՝ ինչ էքսպոնենցիալ արագությամբ էր աճելու կառուցապատումը»:
Նախագիծն ընդունվեց: