Դամասկաոում Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ Շարաան հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Ալ Շարաան հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են ռազմավարական հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ մի շարք ոլորտներում։
«Մենք քննարկել ենք Սիրիայի և Թուրքիայի փոխգործակցությունը տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտներում, Թուրքիան Սիրիայի բարեկամն է, նա մեզ օգնեց հեղափոխության առաջին օրերից, մենք դա չենք մոռանա»,- հայտարարել է Սիրիայի ղեկավարը:
Նա նաև հաստատել է, որ Սիրիայում գործող զինված կազմավորումները շուտով կհայտարարեն ինքնալուծարման մասին և կդառնան երկրի պաշտպանության նախարարության մաս։ Նրա խոսքով՝ խմբավորման հրամանատարների մեծ մասը համաձայնել է այս պայմանին: Միևնույն ժամանակ, Սիրիայի նոր ղեկավարն ընդգծել է, որ թույլ չի տա զենքի անվերահսկելի շրջանառություն երկրում:
Հաքան Ֆիդանն իր հերթին նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիային վերականգնման ջանքերում, և հույս է հայտնել, որ իր այցը կխրախուսի երկկողմ բարձր մակարդակի շփումներին: Նրա խոսքով՝ Սիրիայի հետ կապված Անկարայի առաջնահերթությունը երկրում կայունության և անվտանգության ապահովումն է, ահաբեկչության վերացումը, ազգային համաձայնության հաստատումը, տնտեսական զարգացման ապահովումը: Նա ընդգծել է նաև իրենց երկրից տարիներ առաջ հեռացած սիրիացիների՝ հայրենիք վերադարձն ապահովող պայմանների ստեղծման կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: