Իրաքի վերաքննիչ դատարանը մերժել է երկրի նավթի նախարարության բողոքը և չեղարկել է 2022 թվականի մի շարք որոշումներ, որոնք անվավեր են ճանաչել Իրաքյան Քրդստանի նավթի մի քանի պայմանագիր, հայտնում է Iraq Oil Report-ը (IOR)՝ վկայակոչելով դատարանի որոշումը:
Ըստ պարբերականի՝ այդ որոշումով վերջ է դրվում դատական արշավին, որը նախարարությունը նախաձեռնել էր Իրաքյան Քրդստանի տարածաշրջանում արդյունահանման պայմանագրեր ունեցող ինը նավթային ընկերության դեմ, նշում է IOR-ը:
Քրդական իշխանությունները տարիներ շարունակ օգտագործել են սահմանադրական բացը, որի միջոցով կարողացել են նավթ արտահանել և որոշակի ֆինանսական անկախություն պահպանել Բաղդադի դաշնային կառավարությունից: Իրաքյան Քրդստանն արտադրության ծավալների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չի հրապարակել։ IOR-ի գնահատականներով՝ այս ցուցանիշը կազմել է օրական 440 հազար բարել։
Իրաքի Գերագույն դաշնային դատարանը 2022 թվականի փետրվարին անօրինական է համարել Քրդստանի տարածաշրջանային կառավարությունում անկախ նավթային հատվածի գոյությունը և պարտավորեցրել է նավթի հետախուզման, արդյունահանման և արտահանման վերահսկողությունը հանձնել կենտրոնական իշխանություններին: Քրդստանի պաշտոնյաները դատարանի որոշումը համարել են քաղաքականացված։
Դատական որոշումից հետո նավթի նախարարությունը դատական հայցեր է ներկայացրել արտասահմանյան մի քանի ընկերության դեմ, իսկ Բաղդադի Առևտրային դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել չորս պայմանագիր:
Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը բողոքարկել է, և Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Դաշնային գերագույն դատարանի որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ նախկինում կնքված պայմանագրերի նկատմամբ: