Փհենյանը, ըստ երևույթին, պատրաստվում է լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, հայտարարել են հարավկորեացի ռազմական պաշտոնյաները։
Ըստ Հարավային Կորեայի հետախուզության տվյալների՝ Հյուսիսային Կորեայի ռազմական կորուստները պատերազմում կազմում են մոտավորապես 1100 զինվոր, այդ թվում և սպանվածները (100), և վիրավորները, գրում է BBC-ն:
Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողության ուժերը հաստատել են, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի զինծառայողներին, որոնց օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում, կեղծ փաստաթղթեր է տրամադրում՝ թաքցնելու նրանց ներկայությունը ճակատում:
Դեկտեմբերի 19-ին էլ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ «Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի զինվորներին ներկայացնում է որպես Ռուսաստանի քաղաքացիներ, իսկ զոհված զինվորների դեմքերը այրում է նույնականացումը կանխելու համար»: Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանում առայժմ 12 հազար հյուսիսկորեացի զինծառայող կա, այդ թվում՝ 500 սպա և երեք գեներալ: