Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում՝ պետության ղեկավարի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ հավատարիմ է լինելու վեց տարի առաջ տված երդմանը և շարունակելու է մնալ Վրաստանի նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարը:
Թբիլիսիում DW-ի թղթակիցը հաղորդում է, որ այդ հանրահավաքում Զուրաբիշվիլու ելույթի ժամանակ նրա խոսափողն անջատվել է, և նախագահը խոստացել է դեկտեմբերի 23-ին նախագահական պալատից ձայնագրել վրաց ժողովրդին ուղղված իր ամբողջական ուղերձը։
Սալոմե Զուրաբիշվիլին կրկնել է խորհրդարանի նոր ընտրություն անցկացնելու պահանջը: Նա լեգիտիմ չի համարում հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի ունեցած ընտրությունը, որում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Քաղաքական գործիչը դեկտեմբերի 22-ի հանրահավաքում ընդգծել է, որ նոր ընտրության քվեարկության օրը պետք է նշանակվի մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 29-ը։ Այդ օրը լրանում են Վրաստանի նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլու լիազորությունները, և պետք է կայանա նրա իրավահաջորդի՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունը: Նա պետության ղեկավար է նշանակվել ոչ թե ուղղակի քվեարկության արդյունքում, այլ ընտրական կոլեգիայի որոշմամբ։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 29-ին պետք է հրաժարական տա իր պաշտոնից։ Եթե այդ օրը նա հրաժարվի կամովին հեռանալ նախագահականից, նրան ազատազրկում է սպառնում, զգուշացրել է նա։