Ջո Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից քիչ առաջ փոխել է սպանության համար մահապատժի դատապարտված 37 հանցագործի պատիժը։ Մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, դեկտեմբերի 23-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բայդենն ընդգծել է, որ դատապարտում է «այդ մարդասպաններին», սգում է նրանց «ստոր արարքների» զոհերի մահը, ինչպես նաև ցավակցում է բոլոր այն ընտանիքներին, որոնք անդառնալի կորուստ են կրել։ «Բայց ես ավելի քան երբևէ համոզված եմ, որ մենք պետք է վերջ տանք մահապատժի կիրառմանը դաշնային մակարդակով»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Բայդենն ուժի մեջ է թողել ահաբեկչության և զանգվածային սպանությունների համար դատապարտված ընդամենը երեք տղամարդու մահվան դատավճիռները:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին, Բայդենը ներում էր շնորհել 39 հանցագործի և կրճատել մոտ 1500 օրինախախտի ազատազրկման ժամկետները: Սպիտակ տունը պարզաբանել է, որ ներման այդ ակտը ամենախոշորն է ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ։