Օրերս սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված հարցերն են քննարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և Տավուշի մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները, ֆերմերներն ու սպանդանոցների ներկայացուցիչները:
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է բոլորին. յուրաքանչյուր խմբի տնտեսվարողներն ու ֆերմերները ներկայացրել են խնդիրն իրենց տեսանկյունից. ըստ ֆերմերների և միս իրացնողների՝ մարզում գործող սպանդանոցների հզորությունները բավարար չեն մարզում առկա մորթի պահանջարկը բավարարելու համար: Խնդրին արձագանքել են սպանդանոցների տերերը՝ հակադարձելով, որ կենդանիներին մորթի չներկայացնելու պատճառով չէր գործում Նոյեմբերյան քաղաքը և հարակից համայնքները սպասարկող սպանդանոցը, իսկ մնացածներն էլ գործում են թերի ծանրաբեռնվածությամբ: Եթե ֆերմերները հրաժարվեն բակային մորթից, ապա սպանդանոցների հզորությունները ոչ միայն կբավարարեն, այլև պատրաստ կլինեն ավելի ակտիվ գործունեության՝ թե՛ սպանդի կազմակերպման, թե՛ կենդանիների տեղափոխման իմաստով (Տավուշի մարզում գործում է 8 սպանդանոց, որոնցից 6-ը՝ ծառայություն
մատուցող):
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը հորդորել է կենդանիների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում, վստահեցնելով, որ վերահսկող մարմինը խստորեն գործելու է օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում. ոչ սպանդանոցային ծագման միսն առգրավվելու և ոչնչացվելու է։ Սպանդանոցի տերերին հանձնարարվել է գործել սանիտարահիգիենիկ նորմերը խստորեն պահպանելով:
Նա մանրամասն տեղեկացրել է ՀՀ կառավարության կողմից ծրագրից օգտվելու և լիզինգով սպանդանոցային սարքավորում ձեռք բերելու և սպանդային կետեր կառուցելու, ինչպես նաև շարժական սպանդանոցներ ունենալու շահավետ հնարավորությունների մասին:
Տնտեսվարողներից մեկը ներկայացրել է շարժական սպանդանոց ձեռք բերելու իր ծրագիրը ու վստահեցրել, որ մոտ ապագայում այն կյանքի է կոչելու:
Այս պահին գործում է նաև Նոյեմբերյան քաղաքը և հարակից համայնքները սպասարկող սպանդանոցը: