ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել ինձ համար տոմսերը, և, անկեղծ ասած՝ ես նույնպես մի փոքր ապշած էի այդ թվերից, հետո մի փոքր խորացա և հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կրկնակի կամ եռակի թանկ կգնեինք։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն։ Նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- ասաց քաղաքապետը։
Ավինյանը նաև նշեց, որ կարևոր է համարում հետևանքները. «Պետք է խնդրեմ դուրս բերել՝ ո՞ր կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, ո՞ր կետում և ի՞նչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, ու գործողություն տեղի չի ունեցել, և ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, որոնք պատասխանատու են,- ասաց նա և հավելեց,- մի իրավիճակում եմ հայտնվել, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով՝ մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ ինձ «նոր տարվա վատ նվեր» արվեց։
Բայց, այնուամենայնիվ, ամեն մեկն իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականը»։