Միասնական տոմսային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանի թվային փոխակերպման շատ կարևոր մի մաս է: Ես և մեր թիմը հավատացած ենք, որ այսօր հնարավոր չէ առանց թվայնացման քաղաքացիներին իրապես որակյալ ծառայություններ մատուցել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Այս համատեքստում քաղաքապետը տեղեկացրեց, որ գործարկվել է transport.yerevan.am կայքը, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որն է լինելու իր համար ամենամատչելի տոմսը, կարող են նաև հանրային ծառայությունների համարանիշը մուտքագրելով ստուգել՝ ներառվա՞ծ են արտոնյալ խմբում, թե՞ ոչ:
«transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է։
Ի՞նչ է իրենից ենթադրում այս հարթակը: Դա մի հարթակ է, որտեղ երևանցիները ունենալու են անձնական գրասենյակ, բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի միջավայրում, մի օգտահաշվով, և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ օգտահաշիվներ։ Այն, ինչ իրականացվում է բազմաթիվ զարգացած քաղաքներում»,- ասաց Տիգրան Ավինյանը` առաջարկելով հայտնել թերությունների մասին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ transport.yerevan.am-ում գործիքակազմն ընդլայնվելու է, այն է՝ հնարավորություն է լինելու ձեռք բերել նաև տոմսեր՝ կցելով բանկային քարտին որպես կրիչ։
«Սա վերաբերելու է ինչպես սովորական օգտատերերին, որոնք ներգրավված չեն որևէ արտոնյալ խմբում, այլ նաև արտոնյալ խմբերում ներառված մեր քաղաքացիներին, որոնք նույնպես կարողանալու են նույնականացման քարտի միջոցով իրենց արտոնությունը ստանալ»,- ասաց նա:
Ավինյանը հավելեց՝ օնլայն ծառայություններից օգտվելու խնդիր չի լինելու. «Բոլոր այն անձինք, որոնք կուզենան միասնական տոմսային համակարգը նույն իրենց բանկային քարտին կցել, այս հնարավորություններն ունենալու են»:
Այս համատեքստում քաղաքապետը ևս մեկ անգամ հայտարարեց՝ հունվարի 1-ից անցում է կատարվելու տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակին. «Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս տրանսֆորմացիան ապահովենք՝ հին մոդելից անցնելով նոր մոդելի»։