Ֆիզիկական անձինք կարող են առանց միջնորդի ձեռք բերել գանձապետական պարտատոմսեր: Նման հնարավորություն ընձեռում է գանձապետական պահառուի առցանց համակարգը, որը վերագործարկվել է լրացուցիչ հնարավորություններով:
Այժմ արդեն Հայաստանի պետական պարտատոմսեր կկարողանան ձեռք բերել նաև արտերկրում գտնվողներն ու ոչ ռեզիդենտ անձինք: Իսկ շուկայի վերլուծությունը փաստում է, որ դրսում մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրություն կա:
Փորձագետները նույնպես կարևոր են համարում նոր գործիքի ներդրումը: Կանխատեսվում է, որ արժեթղթերի նկատմամբ հետաքրքրությունը դեռ կպահպանվի, հատկապես եթե երկարաձգվի մասնավոր ընկերությունների թողարկած պարտատոմսերից ստացված եկամուտը հարկից ազատելու արտոնությունը: Արտոնությունը ևս երեք տարով երկարացնելու օրենսդրական նախաձեռնությունն, ի դեպ, արժանացել է գործադիրի հավանությանը:
Հեղինակ՝ Մուշեղ Իսախանյան