Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը:
Հաքան Ֆիդանը և Անալենա Բերբոքը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։
«Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը նույնպես ընդունում է դա»,- ասել է գերմանացի դիվանագետը:
Միևնույն ժամանակ, Բերբոքն ընդունել է, որ Թուրքիայի անվտանգության համար Սիրիայից որևէ սպառնալիք չպետք է լինի:
Ֆիդանն էլ հայտարարել է, որ Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան կապում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, չեն ներկայացնում քրդական հասարակությունը:
Նախարարը հայտարարել է, որ զինյալները պետք է զինաթափվեն և ինքնալուծարվեն։
Լրատվամիջոցները նշում են, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին:
Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։
Նա նշել է, որ երրորդ կողմերը պետք է «արդար և անաչառ» աջակցություն ցուցաբերեն այդ գործընթացին: