ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառումը դեսպանատունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին՝ Հայաստանում չինարեն դասավանդող և ուսումնասիրող ուսուցիչների և ուսանողների համար:
Պարգևատրման նպատակն է խրախուսել Հայաստանում չինարեն դասավանդողներին ու լեզուն ուսումնասիրողներին։ 2018 թվականից ի վեր ավելի քան 200 ուսուցիչներ և ուսանողներ արժանացել են այս պարգևատրմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ օտար լեզուների դասավանդման բարելավումը հանրակրթության բարեփոխումների ամենակարևոր ուղղություններից է: «Ուրախ եմ, որ ՀՀ 17 դպրոցների սովորողները ոչ միայն Երևանում, այլև մարզերում հնարավորություն ունեն սովորելու չինարեն։ Դա հնարավորություն է նաև ուսումնասիրելու և ծանոթանալու Չինաստանի պատմությանն ու մշակույթին:
Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը՝ խորացված ուսուցում իրականացնելու տեսանկյունից»,- ասել է նա:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դեսպանատանը տրամադրած աջակցության և հաջող համագործակցության համար:
Նա չինարենի ուսուցումը կարևորել է նաև սովորողների՝ հետագա կրթական գործընթացի շարունակականության՝ Չինաստանի բուհերում սովորելու առումով, ինչն իրականացվում է միջպետական համաձայնագրի շրջանակում:
Ներկաներին ողջունել է նաև Չինաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը․ «Վերջին տարիներին Չինաստանի և Հայաստանի միջև հումանիտար շփումները խորանում են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունը էլ ավելի է սերտանում: Լեզուն կարևոր դեր է խաղում մեր երկրների միջև բարեկամության զարգացման և փոխըմբռնման ամրապնդման գործում: Այն դառնում է բարեկամության կամուրջ, որը կապում է Չինաստանի և Հայաստանի ժողովուրդներին, նպաստում փոխըմբռնմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը:
Չինարենի ուսուցումը աստիճանաբար ընդլայնվում է Երևանից դեպի մարզեր, իսկ գրանցված ուսանողների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 5000-ը: Չինարենի դասագրքերի տեղայնացման գործընթացը Հայաստանում հաջողությամբ առաջ է գնում:
«Ուրախ չինարեն» դասագրքի երրորդ հատորն արդեն լույս է տեսել հայերենով, ինչը հայ ուսանողներին ավելի մեծ հարմարավետություն է հաղորդում: