Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարները: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցը նախաձեռնել է շվեյցարական կողմը:
Սերգեյ Լավրովը և Իգնասիո Կասիսը քննարկել են ԵԱՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կազմակերպության հետագա դեգրադացումը կանխելու տարբերակները։
Օրակարգում է եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ըստ մամուլի հաղորդագրության՝ Լավրովը հերթական անգամ ընդգծել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը: Նա շեշտել է, որ հենց դա է դարձել Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման հիմնական պատճառներից մեկը:
«Մոսկվան կանի հնարավորը՝ պաշտպանելու իր անվտանգությունը»,- նշել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Մոսկվան չի ընդունի Վոլոդիմիր Զելենսկու բանաձևի վրա հիմնված կարգավորման հեռանկարը, որն առաջ է տանում այդ թվում Շվեյցարիան:
Դիվանագետները պայմանավորվել են շարունակել շփումները: